Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ:
Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:
Արցախի Պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: