Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների սուտը պատերազմի հենց սկզբից փաստերը բռնեցին՝ շփման գծում վարձկաններն են կռվում: Համանախագահ երկրները ևս հաստատեցին՝ մեղադրելով Թուրքիային՝ ահաբեկչական խմբերին ռազմաճակատ տեղափոխելու համար:
Նոր փաստեր էլ կան՝ Ադրբեջանը հանցագործ ահաբեկիչների հետ համագործակցում է դեռ 92-ից: Որպես ապացույց՝ Վաղարշակ Հարությունյանը ցույց է տալիս Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի ստորագրած փաստաթուղթը:
Վաղարշակ Հարությունյան- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
Այսօրվա Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը՝ Սաբդիխովը, ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամաս, մասնակցում են մարտական գործողություններին:
Ադրբեջանը հերքում, հետո հաստատում է թուրքական օդուժի մասնակցությունը: F-16-երը հուլիսին են Գանձակ իջել՝ զորավարժության նպատակով: Ինքնաթիռները ակտիվ գործողություններ են կատարել Հայաստանի և Արցախի պետական սահմանի երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով՝ Գանձակ - Վարդենիս, Գանձակ -Քարվաճառ, Գանձակ -Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունից հետո դրանք Թուրքիա չեն վերադարձել:
Գարիկ Մովսեսյան- ՀՀ ՊՆ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ-
Գյանջա- Սոթք- Վարդենիս օդային տարածքում՝ Մեծ Մասրիք և Սոթք մասերում Թուրքիայի 2 F-16 ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6 կմ խորությամբ, որը տեսնում եք էկրանին...
Թուրքական F-16-երի ներգրավվածությունը հերքելու համար Ադրբեջանն ինքնաթիռները Գանձակից տեղափոխում է Գաբալայի օդանավակայան: Այդտեղից էլ զույգերով ինքնաթիռներն օդ են բարձրանում: Դրան զուգահեռ Թուրքիայի կողմից Արարատ լեռան տարածքում ինքնաթիռներ և ԱԹՍ-եր են օդ բարձրանում, ուղղություն վերցնում Մինգեչաուրի ջրամբար:
Գարիկ Մովսեսյան- Երկու խմբերը միանում են իրար, կատարում երկու րոպե պտույտ, որից հետո F-16 ինքնաթիռները ժամանած խմբի հետ հարվածներ են հասցնում Մարտակերտին:
Որքան էլ Բոսֆորի խելագարը փորձում է ջնջել պատերազմում F-16-ի հետքերը, հավատարմության երդում տված Բաքվի եղբայրը հակառակն է ապացուցում: Ավելին, անօդաչու թռչող սարքերը թուրքականից բացի նաև իսրայելական են: Ալիևի խումբը չի էլ քողարկում Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը:
Գարիկ Մովսեսյան- Իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների անօդաչուներն են՝ թուրքական արտադրության «բայրաքտարը», որը կարողանում է մինչև 12 000 մ բարձրություն գնալ, կատարել հետախուզություն:
Վաղարշակ Հարությունյանը խոսում է փաստերով՝ բոլոր զինադադարները Ադրբեջանն է խնդրել, ինքն էլ խախտել: Մի երկիր, որը պատասխանատու չէ միջազգային պարտավորությունների հարցում: Այդքանով հանդերձ, երաշխիքներ է տալիս Արցախի ժողովրդի անվտանգության համար:
Պատերազմը պլանավորվել է Թուրքիայում: Անկարան իր նպատակներն ունի՝ հարավում Արցախը անջատել Իրանից, մոտենալ Մեղրիին, միանալ Նախիջևանին: Երկու ազգ՝ մեկ պետության փոխարեն Թուրքիան Ադրբեջանի հաշվին իրականացնում է մեկ ազգ՝ մեկ պետություն ծրագիրը:
Վաղարշակ Հարությունյան- Դա թուրքական հին երազանքա, իրանց խնդիրնա ստեղծել նոր Օսմանյան կայսրություն:
Պատերազմը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի պետությունների համար: Դրա մասին հայտարարել են նաև Իրանը, Ռուսաստանը: Արցախը սրբորեն պահպանում է սուրբ Հայրենիքը: