Արցախի հարցում հայկական կողմի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է՝ ընդգծել է Հայաստանի վարչապետը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով փոխզիջումների մասին հարցին. կա՞ արդյոք սահմանագիծ, որից հայկական կողմը չի նահանջի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը կազանյանն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա մեզ համար սահմանագիծ է, «կարմիր գիծ» է, որը չենք կարող անցնել:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հումանիտար հրադադարի վերաբերյալ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել բանակցային գործընթացը:
Նիկոլ Փաշինյան - Այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համարժեք փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ապահովում է պաշտպանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից կրիգով վերահսկողության տակ վերցնել Արցախը, այս պահին տապալվել են: Իսկ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների ու ահաբեկիչների մասին խոսում է ամբողջ աշխարհը:
Նիկոլ Փաշինյան - Այդ վիդեոապացույցները հրապարակված են: Ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ ահաբեկիչներին և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:
Պատճառը, ըստ Հայաստանի ղեկավարի, պարզ է: Ադրբեջանական բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Արցախի ինքնապաշտպանական բանակի դեմ: Վերջին օրերին Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, տեղեկություններ կային, որ նրանք Ռուսաստան եկել էին արտերկրից: Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կապ է տեսնում:
Նիկոլ Փաշինյան - Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն. վարչապետը մեկնաբանում է՝ սրանք են մոսկովյան համաձայնագրում հիշատակվող կարգավորման սկզբունքները:
Նիկոլ Փաշինյան - Բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:
Հայաստանի ղեկավարի ցանկությունն է՝ հակամարտությունը վերջնականորեն լուծել՝ փոխզիջումների հիման վրա, գտնվի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Անկարայի նկրտումները պարզ են:
Նիկոլ Փաշինյան - Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է: Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է:
20-րդ դարասկզբի հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու ցեղասպան քաղաքականությունը: