ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» փակ նիստում անդրադարձ է եղել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային և դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Նիստին մասնակցել է նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որը նաև ելույթ է ունեցել:
«Հստակ ընդգծեցի, որ ադրբեջանական կողմն ինքն է խոստովանում, որ սկսել է ագրեսիա Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Ալիևն ինքը օրեր առաջ խոստովանել է, որ թուրքական F16-երը Ադրբեջանում են, իսկ ահաբեկիչների առկայության մասին գրում է և՛ միջազգային մամուլը, և՛ ՄԱԿ-ի ԱԽ անդամ առնվազն երկու երկիր են փաստել դրա մասին:
Ավելին՝ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ պահել Թուրքիայի ճնշման ներքո՝ դրանով նաև ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը սեփական դիակների հանդեպ:
Շեշտեցի, որ պատերազմը դաժան է, բայց անգամ պատերազմում կան օրենքներ: Օրինակ՝ եթե ադրբեջանցի գերեվարված զինվորին Արցախում վիրահատում են, ապա հայ գերիներին դաժանաբար սպանում են: Սա է Ադրբեջանի իրական դեմքը:
Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, տեղացի և միջազգային լրագրողներին, հարվածում եկեղեցուն և վտանգ ստեղծում տարածաշրջանը դարձնել ահաբեկչական նոր կենտրոն:
Այն պարագայում, երբ Արցախի խաղաղ բնակչության մեծ մասը այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փախստական կամ ներքին տեղահանված է դառնում, տվյալ կոմիտեն շատ ասելիք ունի՝ Հարավային Կովկասում հումանիտար աղետը կանխելու առումով»,- տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: