ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախյան խնդրում «անջատում հանուն փրկության» սկզբունքի կարևորությանը՝ ընդգծելով, որ ամբողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել այս հարցում:
««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։
Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։