«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև: Եվ այս առումով առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել գործընկերոջս այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում: Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականն ու Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի պաշտոնակցի՝ Նիկոս Դենդիասի հետ ասուլիսի ժամանակ:
Մնացականյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հրահրողն ու դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը Թուրքիան է՝ ընդգծեց նախարարը, «ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ»:
Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտի: Իսկ երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս ամենով Ադրբեջանը բացահայտ ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համաձայնությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է խորացնել հակամարտության աշխարհագրությւոնը, արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվույթունը կրելու Ադրբեջանի ղեկավարությունը»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հատուկ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը:
Նախարարի խոսքով՝ միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը գնդակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով:
Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում և փառաբանում են իրենց քստմնելի արարքները, այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։
«Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ-Հունաստան հարաբերություններին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման և համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման փոխադարձ հանձնառությունը: