Լյուքսեմբուրգի հայ համանքը մեծ չէ, բայց ինչպես մի շարք երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքով՝ Սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը:
«Լյուքսեմբուրգում առաջին հավաքը կազմակերպվեց շատ ինքնաբուխ: 7 հոգով կանգնեցին իրենց պաստառներով կենտրոնական հրապարակում՝ լուռ աղաղակելով կատարվող դաժանագույն իրադարձությունների մասին։ Դրանից հետո, կարելի է ասել, մենք ուշքի եկանք այս ինֆորմացիոն շատ բացասական հեղեղից և հասկացանք, որ պետք է նորից շուտափույթ կազմակերպել հաջորդ ցույցը, որպեսզի կատարվի ինձ համար շատ կարևոր մի բան՝ գրավենք մեդիայի ուշադրությունը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց հայ հյուպատոսը` ընդգծելով, որ հաջորդ երկու ցույցերն ունեցել են ընդհուպ մինչև 150 մասնակից:
Նրա խոսքով՝ առաջին իսկ օրերից նվիրատվությունների հետ կապված շատ զանգեր ու նամակներ էին ստանում: Օգնել ցանկացողներն անմիջապես ուղղորդվում էին դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
«Արդյունքների գրանցումը շարունակական բնույթ ունի, որում, կարծում եմ՝ ներգրավված են ոչ միայն
ամբողջ սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները, ովքեր իրենց դերակատարումն ունեն։ Եվ
այստեղ կհանդգնեմ նշել նաև ամուսնուս դերակատարությունը։ Նա տանում է մեծ քարոզչական աշխատանք
քաղաքական առումով՝ լինելով Լյուքսեմբուրգի ամենամեծ կուսակցության նախագահը»,- ասաց Տաթև
Մանուկյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում հստակ նշվել
է մեսիջը, այն է՝ խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետության ճանաչումն է։