ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ իրավապահ մարմիններն արձանագրել են, որ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը փաստագրված և հաստատված հանգամանք են: Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ հարուցված մի շարք քրեական գործեր կան՝ կատարված նախաքննությամբ:
Հարությունյանն ասաց, որ պետք է փաստել՝ պատերազմը հակառակորդը սկսել է հուլիսից ու շարունակում է մինչև օրս: Հայտնեց, որ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածքներ են ստացել երեքը, որից մեկը՝ անչափահաս, սպանվել է 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 զինծառայող, որոնք ռազմական գործողություններին ոչ մի կերպ ներգրավված չեն եղել: Նրա խոսքով՝ հակառակորդի հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված հարձակման օբյեկտներ են դարձել խոր թիկունքում գտնվող բնակավայրերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հայտնեց, որ այդ փաստերով հարուցված քրեական տարբեր գործերով նախաքննություն է ընթանում. իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական լիաժեք գնահատական տալու համար:
«Ցանկանում եմ նշել, որ դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա երկրների մեր գործընկերների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի դատախազության և հարևան Իրանի մեր գործընկերների հետ, և նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա ապացույցները: Քրեական գործերով արդեն հաստատված է այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, և կատարվում են գործողություններ այդ վարձկանների ներթափանցումը կանխարգելելու, անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և հետագա այլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը: