Վարչապետի միջնորդությամբ, Հանրապետության նախագահի հրամանագրով զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհել: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ հայրենիքը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Իսկ Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին՝ գեներալ-մայորի, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ գեներալ-մայորի, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումներ են շնորհվել:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Թշնամու դեմ պայքարում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար՝ Արայիկ Հարությունյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Զուգահեռ պաշտպանության բանակը մանրամասներ է հայտնում մեր հերոսների սխրանքներից: Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանը ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար:
Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդի 4 ԱԹՍ շարքից հանելու համար:
Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, որը կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը: