Վերջին 14 օրվա ընթացքում մեզ մոտ կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են՝ հայտարարեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը:
«Համաճարակային իրավիճակի սրացումը գերազանցապես կապված է անվտանգության կանոնների չպահպանման և բնակչության զգոնության թուլացման հետ։ Ռազմական դրության պայմաններում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին բնակչության տեղաշարժով, մեծաթիվ կուտակումներով, բազմաթիվ սերտ շփումների առաջացումով, հանրային տրանսպորտի սղությամբ և լեփ-լեցուն փոխադրումներով»,-նշեց Սահակյանը։
Նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսօրվանից բոլոր կրթական հաստատություններում և նախադպրոցական կազմակերպություններում ժամանակավորապես դադարեցվել է աշխատանքային գործունեությունը։
«Նախարարությունը հորդորում է՝ եթե հնարավոր է անցնել հեռավար աշխատանքի, կիրառեք։ Հատկապես եթե ռիսկի խմբի անձինք կան ձեզ մոտ և թոշակառուներ։ Այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է սեզոնային սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աշխուժացման փուլում»,- նշեց Սահակյանը՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել պատվաստանյութեր, որոնցով ապահովված են բոլոր պոլիկլինիկաները։