Այս պատերազմը ո՛չ կրոնական հողի վրա է, ո՛չ էլ էներգակիրների համար: Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին Հարավային Կովկասում իր գերիշխանությունն ավելացնելու նպատակով՝ Քուվեյթի արաբալեզու «Ալ Ջարիդա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը: Չե՞ք վախենում Ղարաբաղը վերածվի նոր Սիրիայի՝ հարցրել է լրագրողը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի:
Թուրքիայի հետ քաշվելու դեպքում միայն հնարավոր կդառնա հրադադարը, նաև բանակցային սեղանի շուրջ վերադառնալը... Երևանի տեսակետն է ներկայացրել Արմեն Սարգսյանը: Հարցին, թե ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար, ինչպե՞ս է պատկերացնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը, պատասխանել է:
ՀՀ նախագահ - Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է:
Անկարան հայկական ուժերի դեմ կռվելու համար Ադրբեջան է ներմուծել ոչ միայն վարձկաններ ու մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ, այլև՝ կործանարար զինատեսակներ: Առաջնագծից բացի, Արցախի իրենց տանն ապրող ծերերին ու երեխաներին է թիրախավորում ԱԹՍ-ով ու F-16-ով: Տեղյա՞կ է արդյոք աշխարհը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այս քայլերի մասին՝ լրագրողի հարցը հարցով է հակադարձել նախագահ Սարգսյանը:
ՀՀ նախագահ - Արդյոք Թուրքիան ունի՞ ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե այո, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա...
Երևանի համար շարունակում է անհասկանալի մնալ նաև Ադրբեջանին զինելու Իսրայելի՝ ցեղասպանություն վերապրած հրեական պետության վարքը: Հարցազրույցը եզարափակող՝ «Մտահոգված չե՞ք՝ Հայաստանը միայնակ մնա» հարցին ի պատասխան՝ Հայաստանի նախագահը հայտարարել է. Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ պայմանագրային դաշնակցի իր պարտավորությունը: Իսկ Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ ճշմարտության կողմում են: