Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրել է հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և կենսական ենթակառուցվածքները, իրականացնելով իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններ, ի ցույց է դնում Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները:
Նախարարը երախտագիտություն է հայտնել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:
Երկուստեք խստորեն դատապարտել են Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները: