Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ անմարդկային է համարել 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը: Չդադարող զինված բախումների պայմաններում իրականացվող շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումները տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև. դրանք շատ դեպքերում ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:
«Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պատճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն»:
Թաթոյանի պնդմամբ՝ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաև շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն՝ եղել են նաև քաղաքացիական անձինք:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ պատրաստ են դիերի ու գերիների փոխանակմանը:
«Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է: Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ»:
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրապարակային մտահոգություն է հայտնել մարդասիրական հրադադարի բացակայության և իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու պայմանների բացակայության կապակցությամբ: Կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում:
Կարմիր խաչի գրասենյակը քաղաքացիականներին պատճառված վնասների մասով աշխատանքներ է տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: