Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և հրավերով Անթիլիասի Մայրավանքում հինգշաբթի տեղի է ունեցել Արցախյան պատերազմի օրակարգով խորհրդակցություն, որին մասնակցել են համասփյուռքյան գործունեություն իրականացնող եկեղեցական, ազգային, կուսակցական ու միութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վեհափառ Հայրապետը զեկուցել է Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, հայկական սահմանների պաշտպանության համար մղվող մարտերի և դրանց առընթեր տարվող քաղաքական-հարաբերական աշխատանքների մասին։
Արամ Ա-ն նշել է, որ Արցախը մարտնչում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և Թուրքիայի օգնությամբ Ադրբեջան բերված ահաբեկիչների դեմ, և այս դեպքում մեր համահայկական օրակարգում ավելանում է մեկ հարց՝ Արցախի ճանաչումը։
«Պատերազմի բռնկման առաջին օրեն սկսյալ Նորին Սրբությունը մնայուն հաղորդակցութեան մեջ է պետական եւ եկեղեցական գործիչներուն հետ՝ իրադարձություններուն հետեւելու եւ ըստ այնմ հատկապէս միջազգային ընտանիքի տարբեր կազմակերպություններու թուրք եւ ազրպեյճանական հարձակումը դատապարտելու առումով։
Հայրապետին զեկուցումին յաջորդեց քննարկում, որուն ընթացքին ընդգծվեցան հետեւյալ կետերը.-
Ա) Պատերազմը սանձազերծեց Ազրպեյճանը՝ Թուրքիո հրահրումով եւ անմիջական աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Թշնամին կհարուածե ոչ միայն զինվորական կեդրոններ, այլ նաեւ գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Բ) Հայոց բանակը բարձրագույն նվիրումով եւ անսահման զոհողություններով կշարունակե դիմակայել թշնամիին հարձակումը Արցախի վրայ։ Ի գին հսկայական զոհողություններու հայոց մարտունակ բանակը, պահեստայիններն ու կամավորները կշարունակեն անառիկ պահել հայրենիքի միջնաբերդը։
Հայոց բանակը կմարտնչի ոչ միայն Ազրպէյճանի, այլ նաեւ Թուրքիո եւ Թուրքիո ճամփով Ազրպեյճան հասած ահաբեկիչ ույժերու դեմ, կանխարգիլելու համար հայ ժողովուրդին դեմ ի գործ դրված ցեղային զտումի եւ ամբողջ տարածաշրջանին համար սպառնալիք հանդիսացող համաթուրանական ծրագիրը։ Կպայքարի՝ թշնամիին պարտադրելու զինադադար եւ խաղաղություն։
Գ) Այս իրականության դիմաց անհետաձգելի հրամայական կդառնա Արցախի միջազգային ճանաչումը։ Իրավաքաղաքական բոլոր պատճառները ամբողջացած են Արցախը իբրեւ անկախ հանրապետություն միջազգայնորեն ճանչցնելու։
Համահայկական օրակարգի առաջին կետը անհրաժեշտ է բանաձեւել՝ Արցախի միջազգային ճանաչումը, որուն համար մեր սփյուռքյան բոլոր կառույցները անխտիր՝ եկեղեցական թեմեր, կուսակցություններ, միություններ եւ հասարակական կազմակերպություններ, համադրաբար մեր երկու պետություններու դիվանագիտական անձնակազմերուն, պիտի աշխատին իրականացնելու համար կարեւորագույն այս առաջադրանքը։
Համահայկական մեր պահանջատիրական աշխատանքներուն մէջ կը բացուի նոր հանգրվան։ Բոլորս կ՚ուղղվինք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում»,- ասված է հաղորդագրության մեջ։