Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին նշեց, որ շուրջ 20 օր է՝ գտնվում ենք պատերազմական դրության մեջ, և հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում այլ խնդիրները կարծես մղվում են հետին պլան:
«Պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ: Նախարարության մի շարք ներկայացուցիչներ մշտապես գտնվում են Արցախում: Այս ժամանակահատվածում մի քանի անգամ անձամբ եմ այցելել Ստեփանակերտ՝ համակարգելու վիրավորների բուժօգնության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Մարտական գործողություններից տուժածների բուժօգնության հարցերը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը մշտապես գտնվելու են իմ անմիջական հսկողության տակ: Այս օրերին բոլոր վիրավորում ստացած զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում:
Զուգահեռ այս իրականությանը ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: Օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, այլ ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք, խլում կյանքեր»,- ասաց նախարարը:
Թորոսյանը շեշտեց, որ այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Նշեց, որ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները, լինել ավելի զգոն՝ շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
«Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան»,- ասաց Թորոսյանը: