Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանից և Նարեկ Ամիրջանյանից առայժմ որևէ լուր չկա։ Հակառակորդը հրաժարվում է որևէ տեղեկություն տալ, չի աշխատում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։ Զինծառայողների ընտանիքի անդամների անունից դեռ երեք օր առաջ իրավաբանների խումբը դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այսօր նաև արձանագրեց՝ Ադրբեջանին չեն հետաքրքրում անգամ սեփական զինծառայողների դիերը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ գերիներ կան նաեւ հայկական կողմում, բայց քանիսն են, որտեղ են՝ մանրամասներ չի ներկայացնում։
Արդեն 4 օր հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը խախտող հակառակորդն այսօր էլ լայնածավալ հարձակողական գործողություններ է վերսկսել՝ հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։
Ակտիվ հարձակում ձեռնարկած հակառակորդը հետ է շպրտվել՝ վերջին երկու օրերին ունենալով կենդանի ուժի մեծ կորուստ: Հովհաննիսյանի բնորոշամբ՝ թշնամին նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունք գրոհելու փորձեր է ձեռնարկում:
Մարտերը սահմանին շարունակվել են նաև երեկոյան, սակայն ինտենսիվության նվազում կա։ Հովհաննիսյանը հատուկ շեշտում է՝ առավոտյան Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող հրթիռային համակարգի խոցումը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ արձանագրում է՝ բացառապես ենթադրության վրա հայկական տեխնիկայի խոցումը իրավունք է տալիս Հայաստանի զինված ուժերին նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Հակառակորդն այսօր էլ ձեռնպահ չի մնացել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց։ Նշանակետերից մեկը եղել է հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք։ Պաշտպանության բանակն արդեն հայտարարել է. որ սա բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: