ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել երկու հերոսի՝ շիտակ, ուղղամիտ, խիզախ, հայրենասեր...
Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք, բառի ամենաուղիղ իմաստով՝ այս երկու հերոսներին՝ դարձյալ բառի ամենաուղիղ իմաստներով՝ շիտակ, ուղղամիտ, խիզախ, հայրենասեր, քաջ, կորովի և անձնազոհ երկու եղբայրներիս... անվանակից և այսքան նմա՞ն։
Ձեր մասին բոլորին պատմելու և ձեր արածը բոլորին ներկայացնելու կարիքը բացարձակապես չկա՝ բոլորը ձեզ գիտեն, բոլորը ձեզ ճանաչում են, բոլորը ձեզ սիրում են, բոլորը ձեր սխրանքը գիտակցում են, սիրելիներս, բո-լո-րը...
Ննջե՛ք խաղաղությամբ. ձեր ուխտը ի կատար ենք ածելու, ձեր առաքելությունն ավարտին ենք հասցնելու, ձեր օրինակով սերունդներ ենք դաստիարակելու, ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ...
Ննջե՛ք խաղաղությամբ. ձեր հոգիներն իրավամբ վաստակել են Բարձրյալի ներկայությունը հավերժ վայելելու աստվածային պատիվն այլեւս...
Ննջե՛ք խաղաղությամբ. երանի՜ ձեզ, որ ձեր կյանքով ու սխրանքով Եռաբլուրում ամփոփվելու երանելի բախտին արժանացաք...
Հ.Գ. Վահագի հետ վերջին հանդիպումս բառացիորեն հինգ օր առաջ էր՝ վերադարձել էր կես օրով. առիթն օգտագործեցինք՝ խոսելու ամեն ինչից, ամենքից ու կոնկրետ անելիքից. կիսատ թողեցիր մեր անելիքները, Վահա՛գ ջան, հազար անելիք ունեինք հաղթանակից հետո, իմ ՀԵՐՈՍ եղբայր... կհանդիպե՛նք»,- գրել է նախարարը։