1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի դեպքերի քրոնիկոնը:
Ադրբեջանական զինուժի թիրախավորած հիվանդանոցը
Տեսանյութ
Մեր գերիների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող հայտնել․ Ադրբեջանը Կարմիր խաչի հետ չի աշխատում․ Հովհաննիսյան
Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող ասել․ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, չի աշխատում Կարմիր խաչի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների խնդրին։ Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը նույնիսկ սեփական դիակները չի փորձում հանել։
Հակառակորդը մարդկային մեծ կորուստներ է կրել․ Հովհաննիսյան
Հակառակորդն այսօր լայնածավալ գործողություններ է իրականացրել հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններում։ Երկու ուղղություններով էլ փորձել են համառ գրոհներ զարգացնել՝ հիմնականում հրետանային հուժկու, ինտենսիվ կրակով, հետևակով՝ զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով է եղել հակառակորդը, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ ու հետ շպրտել։
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը. Սինանյանը՝ ԱՄՆ-ից 100 տ օգնության տեղափոխման մասին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ այդ պահին ԱՄՆ-ից ևս 100 տոննա օգնություն են սպասում, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը, ուստի թռիչքը հետաձգվում է։ Ֆինանսական օգնությունը փոխանցվում է «Հայաստան» հիմնադրամի հաշվին: Այս պահին փոխանցվել է մոտ 120 մլն դոլար:
Ադրբեջանցիների անհարգալից վերաբերմունքը՝ սեփական զոհերի ու դիակների նկատմամբ
Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները.
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը հասել է 32-ի. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է՝ տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Հակառակորդի նպատակն է թիրախ դարձնել Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարը․ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը վերջին օրերին շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում, և նրանց կարևոր թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարն է։ Բաբայանի կարծիքով՝ չի բացառվում, որ հակառակորդի նպատակն է ջրամբարը թիրախ դարձնել ու վնասել՝ էկոլոգիական աղետ առաջացնել։ Արցախի նախագահի խորհրդականը հայտնել է, որ մեր զինված ուժերը թույլ չեն տալիս, որ հակառակորդը հասնի այդ նպատակին։
Ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ` տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին
«Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության»,- ուղերձում շեշտել է վարչապետը։
«Բլիցկրիգով Ղարաբաղը գրավելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պլանը ձախողվել է»,- ընդգծել է Փաշինյանը։
Հակառակորդին զինադադար ստիպելու մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով հանդես է եկել ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ հատուկ տեսաուղերձով: «Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու: Չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ: Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե Արցախյան խնդրի լուծման, այլ բնաջնջելու տարբերակը, առաջին հերթին՝ արցախահայությանը, հետո, եթե հաջողվի, նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», ասել է ԱՀ նախագահը՝ նշելով, որ հավատում է, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել և, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին:
Հակառակորդի կորուստները․ 14.10.20 (ժամը 11։ 00-ին)
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը ներկայացրել է թշնամու կորուստների թարմացված ինֆոգրաֆիկան: Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել են ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ:
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա. ԱՀ ՊԲ
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա: Այս մասին հայտնում են պաշտպանության բանակից:
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։
Ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։
Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չեն արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ տեղալով հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում:
Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ. ԱՀ ՄԻՊ-ը թարմացրել է միջանկյալ զեկույցը
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: