«Արցախը Հայաստան է» խորագրով հոդված է հրապարակել հունական Greekcitytimes.com կայքը: Պարբերականը գրում է, որ Արցախում Թուրքիայի հովանավորչությամբ իրականացվող Ադրբեջանի ռազմական գործողությունների ֆոնին ամբողջ աշխարհի հույները, անկախ այն բանից՝ նրանք ապրում են Հունաստանում, Կիպրոսում թե Սփյուռքում, իրենց անսահման համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին:
Արցախում Թուրքիայի հովանավորած ագրեսիան սկսելուց հետո Եվրախորհրդարանի հույն և կիպրացի անդամներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Ի դեպ, պարբերականը գրում է, որ հույն ցանցահենները կոտրել են Ադրբեջանի կառավարության ու կեղծ հայկական բարեգործական կայքերը: Պոնտոսի հունական համայնքը մեծ գումար է հանգանակել: Իսկ Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հույներն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին: Մելբուռնը Աթենքից ու Սալոնիկից հետո աշխարհում երրորդ քաղաքն է, որտեղ շատ հույներ են բնակվում: