Երեկ Բելգիայի ֆլամանդական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև՝ տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:
Այն մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենաշատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:
Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:
Ֆլամանդական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.
1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում.
1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից.
1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել, Արցախն ինքնավար երկիր է.
2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը: