Ռուս զինվորականները ստուգում են ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակից երկրի՝ Հայաստանի տարածքի վրա իրականացված հարձակման հավանականությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախօրեին Ադրբեջանի զինվորականները հայտարարել էին Հայաստանի տարածքում հրթիռային կայանքների խոցման մասին, ինչը հաստատել էր նաև այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
Հարձակումից ժամեր անց BBC-ի լրագրողները մեկնել էին հայ-ադրբեջանական հյուսիսային սահման և անձամբ համոզվել, որ Ադրբեջանն այս անգամ թիրախավորել է ռազմական նշանակետը հենց Հայաստանի տարածքում:
Օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքի մոխրացած կմախքը շարունակել է ծխալ Սոթք գյուղից Վարդենիս քաղաք տանող ճանապարհի կողքի դաշտում, երբ այնտեղ են հայտնվել բրիտանացի լրագրողները:
Վարդենիսի արվարձաններում գտնվող BBC-ի լրագրողները համոզվել են, որ ադրբեջանցի զինվորականները հարձակում են գործել ոչ միայն հրթիռային կայանքի վրա, այլև հաճախ ռմբակոծում են հենց հայկական տարածքները:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հրետակոծությունից տուժել են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև՝ երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 14-ամյա Նարեկ Արզոյանը, որը բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի հիվանդանոց:
Լրատվամիջոցի լրագրողներն այցելել են նաև հարձակումներից մահացածների և տուժածների ընտանիքներ և զրուցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հետ: