ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն The Erick Erickson Show on WSB Atlanta հեռուստահաղորդման ընթացքում անդրադարձել է Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում և Ադրբեջանում, վտանգավոր է։ Թուրքերը ներգրավված են այս պայքարում, նրանք ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը և ուժեղացնում Ադրբեջանի ռազմական կարողությունները՝ 150,000 բնակչություն ունեցող այս փոքր տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի համատեքստում։
Այո, սա երկարատև հակամարտություն է: Այն պիտի կարգավորվի խաղաղ բանակցությունների և քննարկումների միջոցով և ոչ՝ ռազմական ճանապարհով։ Իհարկե, այս հարցում պետք է բացառել երրորդ կողմերի ներգրավվածությունը: Դա կարող է պայթյունավտանգ լինել։
Մենք հուսով ենք, որ հայկական կողմին կհաջողվի պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Իսկ մինչ այդ, հուսով եմ, հնարավոր կլինի դադարեցնել կրակը, և կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, կփորձեն կարգավորել այս, իրավամբ, պատմական ու բարդ հարցը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։