Իսպանիայի 15 սենատոր և Կոնգրեսի ստորին պալատի 21 պատգամավոր Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
- Ադրբեջանական ուժերն արգելված կասետային զինամթերք ու տարբեր տրամաչափի այլ զենք են կիրառել, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է: Բաքուն անտեսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու միջազգային հանրության մշտական կոչերը` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը, իսկ Թուրքիան նպաստում է այդ ագրեսիային։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Իսպանացի խորհրդարանականները վստահ են. Արցախի միջազգային ճանաչումը միակ պայմանն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման և ապահովման համար։ Խորհրդարանականները դիմել են Իսպանիայի Կոնգրեսին ու Սենատին` խնդրելով կոչ անել ժողովրդավարական բոլոր երկրներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ միջոցներ ձեռնարկել մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու համար:
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտել է նաև Ավստրիայի խորհրդարանը: Այն միաձայն ընդունել է բանաձև, որում խոսվում է լրագրողների, խաղաղ բնակիչների հիվանդանոցների, դպրոցների հրթիռակոծման անթույլատրելիության մասին: Բանաձևն ընդգծում է. Թուրքիան, որը ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սրում է հակամարտությունը: Այս արտաքին միջամտությունը կարող է հանգեցնել հետագա, նաև տարածաշրջանային ապակայունացման:
- Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին հայցում ենք եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:
Թուրքիայի ապակայունացնող գործունությունը մեր տարածաշրջանում նկատում են ԱՄՆ-ում: Օրեր առաջ Միչիգանի նահանգի Ներկայացուցիչների պալատը դատապարտել էր ադրբեջանական ագրեսիան: Այսօր ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ պատերազմական հանցագործությունների համար: Տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: