ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը։
Նա նշեց, որ վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել 2-3 ուղղություններով՝ հատկապես հարավում՝ մերձարաքսյան հատվածում, համառ մարտեր են ընթացել, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին։
«Ընթացել են ծանր մարտեր, երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել է զգալի թվով կորուստներ։ Որոշ տեղերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր։ Հատկապես՝ հետևակ։ Անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։ Գիշերային ժամերին որոշակի թուլացում է տեղի ունենում կրակի, սակայն առավոտյան վերսկսում են հարձակումները»,- նշեց Հովհաննիսյանը։