Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին հայցվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատելու երկու կողմերից մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:
Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես` Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը հակամարտությանը, ինչպիսիք են հակամարտող կողմերին զենքի մատակարարումը, նպաստել արագ ապաէսկալացիայի հաստատմանը, կայուն հրադադարին, այնքանով, որքանով թույլ է տալիս COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների արագ վերադարձի ուղղությամբ և վերադառնալ բանակցային սեղանին։
Բացի այդ, պատասխանատու դաշնային նախարարին հայցվում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների կայացմանը»: