ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել և ներկայացնել, որ Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ, սակայն, ըստ Հարությունյանի, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում կան այդպիսիք:
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել այդ փաստի առնչությամբ, ԱՄՆ պետքարտուղարը նույնպես Թուրքիային մեղադրել է նրանց բերելու համար: Հարությունյանի խոսքով՝ կան աուդիոձայնագրություններ, տեսաերիզներ, բայց հակառակորդը, միևնույն է՝ փորձում է հերքել:
Վարչապետի խորհրդականն ասաց, որ Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ 1992-94 թվականներին՝ ցույց տալով փաստաթուղթ, որը ստորագրել է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը: Ըստ այդ փաստաթղթի՝ 520 հոգի ներգրավվել են մարտական գործողություններին:
«Վարձկանների ներգրավումը սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի պետությունների համար»,- ասաց Հարությունյանը: