Մարդկության պատմության մի մասն այսօր գրվում է Լեռնային Ղարաբաղում, եկեք համոզվենք, որ այդ պատմությունը չգրվի առանց Եվրոպայի և Ֆրանսիայի,- պատգամավոր Վալերի Բուայեն այսպես է սկսում իր ելույթը Ֆրանսիայի Սենատում: Պահանջը մեկն է՝ թույլ չտալ Եվրոպային, որ ինչպես սպանվեցին խաղաղ մայրն ու երեխան իրենց տանը, դա շարունակվի, և Թուրքիան, որ այսօր խնդիրներ ունի Կիպրոսի, Լիբիայի, Հունաստանի, Սիրիայի և մյուս երկրների հետ, չհասնի պանթյուրքիզմի իր ծրագրին: Բուայեն նաև հիշեցնում է, որ Ադրբեջանն այս օրերին Թուրքիայի հովանավորությամբ վարձու մարդասպաններ է ուղարկում՝ Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար:
Վալերի Բուայե (Ֆրանսիայի Սենատի պատգամավոր) - Մենք պետք է ի վերջո հասկանանք՝ ո՛չ մեր չեզոքությունը, ո՛չ էլ մեր անաչառությունը ո՛չ ընդունելի են և ո՛չ էլ պատասխանատու, սա միայն դառնում է աջակցություն ագրեսորին, քանի որ արգելված զենքերի կիրառումը, որի հետևանքով անմեղ մարդիկ կոտորվում են, այս ամենի ականատեսը լինելով՝ չե՛նք կարող չեզոք լինել: Ֆրանսիան չի՛ կարող հրաժարվել իր դաշնակցից, այլ պարտավոր է կանգնել իր քույր Հայաստանի կողքին: Մենք չենք կարող ցեղասպանության ականատես դառնալ, լքվածները մեր ժխտողականության հետևանքն են: Զայրույթ հայտնելն անհրաժեշտ է, բայց դա կյանքեր չի՛ փրկում, մենք պետք է գործե՛նք, պետք է պատժել Թուրքիային և Ադրբեջանին, իրական տնտեսական պատժամիջոցներ գործադրել, պետք է Անկարայից և Բաքվից հետ կանչենք մեր դեսպաններին, պետք է ասել Թուրքիային, որ այլևս տեղ չունի ՆԱՏՕ-ում: Պետք է միջազգային իրավական բոլոր լծակները գործի դնել և խաղաղություն հաստատելու համար, ի վերջո, ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ միայն Արցախը կկարողանա ապահովել իր ժողովրդի անվտանգությունը: Մի նոր ցեղասպանություն է սկսվել, և չի կարելի ասել, թե մենք չգիտեինք դրա մասին: Մարդկության պատմության մի մասն այսօր գրվում է Լեռնային Ղարաբաղում եկեք համոզվենք, որ այդ պատմությունը չգրվի առանց Եվրոպայի և Ֆրանսիայի:
Վալերի Բուայեի հուզիչ ելույթից հետո արտգործնախարարն ասում է՝ իհարկե Թուրքիայի միջամտությունն անթույլատրելի է, այն արտաքին քաղաքականությունը, որ Անկարան վարում է այլ երկրների հետ, խթանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը: Բայց Ֆրանսիան բյուրոկրատական պարտավորություններ ունի:
Ժան-Իվ Լե Դրիան (Ֆրանսիայի արտգործնախարար) - Եթե այժմ միջամտենք, կստացվի, որ հետ ենք կանգնում 1994-ին ստանձնած մեր պարտավորություններից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ: Այդպես մենք կստեղծենք պայմաններ, որոնցից Թուրքիան կարող է օգտվել և դառնալ բանակցային կողմ՝ հակամարտության կարգավորման համատեքստում: Մենք պետք է հարգենք այդ պայմանագրի մեր կետը և չենք կարող այլ տրամաբանությամբ շարժվել:
Այնուամենայնիվ, այս պատասխանը Ֆրանսիայի պատգամավորներին չի գոհացնում: Ֆրանսուա Պուպոնին Արցախի ճանաչման բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան: Մինչև այդ, պատգամավորը վստահություն է հայտնել, որ Սենատը կողմ կքվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին: «Եկեք թույլ չտանք, որ Ալիևը և Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը: Մոտ տասն օրվա ընթացքում ես կգլխավորեմ պատվիրակություն, որը կմեկնի Հայաստան` ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը»,- Թվիթերի իր էջում հայտնել էր Պուպոնին: Իսկ մինչև Ֆրանսիայի Սենատում քննարկում են՝ ինչպես արձագանքել ադրբեջանական ագրեսիային, սիրո քաղաքի ականջին անծանոթ, բայց 88-ի Ղարաբաղյան շարժման հայտնի շեփորը, որ ազգային-ազատագրական պայքարի էր մղում, Փարիզի փողոցներում է:
Ֆրանսիայի հայ համայնքը ժամեր շարունակ Փարիզի փողոցներում նախ Ֆրանսիայի, ապա՝ Հայաստանի օրհներգերով ու կոչերով պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Միացել են բոլոր հայտնի հայերը՝ Ֆրանսիայի ու Հայաստանի հպարտություն մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, երգիչ Եսայի Ալթունյանը, հայ համայնքի ամենահայտնի դեմքերը: