Ողջ համացանցն աղոթքով, բժիշկներն էլ անխնա նվիրվածությամբ են պայքարում Նարեկի ապաքինման համար: 14 տարեկան տղայի վիճակը մասնագետները գնահատում են ծանր: Նկարահանումից ընդամենը մեկ ժամ առաջ էին տղային բեկորային բազմաթիվ վնասվածքներով Վարդենիսից հասցրել Երևան: Արզոյանների ընտանիքի գլխին փորձանքն ընկել է երկնքից, խաղաղ պայմաններում, Հայաստանում, կարտոֆիլի դաշտում՝ սեփական բերքը հավաքելիս:
Մեքենայից ընդամենը րոպեներ առաջ էին իջել: Եթե ամեն ինչ տեղի ունենար մի քանի րոպե շուտ, ընտանիքից հիմա ոչ ոք ողջ չէր լինի՝ բժիշկ Դալլաքյանին պատմում էր Նարեկի հայրը։ «Բերեցի էս կողմ, ջոկեցի՝ արյուն կա արդեն, ֆռացրեցի մեջքի վրա, տեսա՝ ասկոլկա կա մարմնի մեջ: Էրեխուն գրկեցի, պոեզի գծերն անցա, ճանապարհին ավտո կանգնացրի, շուտ նստացրինք, հասցրինք Վարդենիսի զինհոսպիտալ, էնտեղ առաջին օգնություն ցույց տվեցին, ուղարկեցին Երևան»:
Բժիշկների համար ամենասարսափելի բանը բեկորային վնասվածքներով երեխաներ տեսնելն ու բուժելն է՝ ասում է Նարեկի ու այլ փոքրիկների կյանքի համար պայքարող «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրենը:
Աննա Չոբանյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան թափանցող վերքեր, դրենավորվել է, մյուս կողմից պնևմոթորաքս է առկա, և փոքր բեկոր՝ միջկողային շրջանում, նաև կա որովայնի սալջարդ, փայծաղի թաղանթի տակ արյունազեղումներ:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում Նարեկը միակ երեխան չէ, որ պատերազմական այս օրերին հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից բուժում է ստանում: Այստեղ են նաև սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրերին վիրավորում ստացած Ռոբերտն ու 2 տարեկան Արծվիկը: Ռոբերտն Արցախից Հայաստան տեղափոխված ամենածանր վիճակում գտնվող երեխան էր: Բերել էին կոմայի մեջ, արհեստական շնչառության ապարատով, սիրտն էլ աշխատում էր միայն համապատասխան դեղորայքի օգնությամբ:
Բժիշկների համառ ջանքերի արդյունքում երեխան արդեն 5 օր է՝ շնչում է ինքնուրույն, փորձում է, իհարկե շատ ցածր, բայց բառեր արտաբերել և, որ ամենակարևորն է՝ «ինչպես ես» հարցին արձագանքում է այս ժեստով:
Աննա Չոբանյան - Կատարվել է վերքերի մշակում, բեկորների հեռացում՝ գլխին և ձեռքերին, ամպուտացիա էր աջ ձեռքի երկու մատը, դա մշակվել է, մյուս ձեռքը էլի վերքեր կային բեկորային, էլի մշակվել են, և հիմա դրական դինամիկա ունենք:
Այրվող մեքենայից Ռոբերտին դուրս էր բերել նրանից ընդամենը մի քանի տարով մեծ հորեղբոր որդին, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մայրը, որ ինքն էլ վիրավորվել էր, Ստեփանակերտի հիվանդանոցից է շտապել տղայի մոտ: Ընտանիքով Մարտակերտից դուրս գալիս են եղել, մեքենայի կողքին արկը պայթել է:
Սրբուհի Հայրապետյան (վիրավորված Ռոբերտ Գևորգյանի մայրը) - Մեքենայի մոտով խփեց, դե որ վրեն խփած լիներ, երևի սաղ չէինք մնա, կողքին էր խփել, մեքենան ընկել ա ձորը: Տեսա, որ մեքենայից ինչ-որ ծուխ ա հելնում, հետո ես պատուհանով դուրս եկա:
Բժիշկ Դալլաքյանը ցույց է տալիս, թե ինչպես է Ռոբերտի գիտակցության գալուց հետո տեղի ունեցել հորեղբոր որդու հանդիպումը: Քաջ եղբորն արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Այս երեխաներն իսկական տղամարդ են՝ ասում է բժիշկը, այդքան տեսածից հետո ոչ մի կաթիլ արցունք:
Եվ այս բուժկենտրոնից ամենապոզոտիվ լուրը. անկողնում ամուր նստած ու տղամարդու խիստ կեցվածքով, հայացքով փոքրիկն Արծվիկն է, որի լուսանկարը տեսնելուց հետո ողջ համացանցն էր աղոթում: Փառք Աստծո, երեխան լավ է, պայթյունի օրվա մասին էլ ոչինչ չի խոսում, մայրը հույս ունի՝ չի էլ հիշում: Այս ընտանիքն Արծվիկի վիրավորվելու օրը 9-ամյա դստերն է կորցրել:
Ընտանիքն աստիճանաբար ուշքի է գալիս, մինչև այդ Արծվիկն արդեն նվերներ է ստանում՝ խաչի ու զենքի տեսքով՝ Աստծո օրհնությունն ունենալու և ընդամենը խաղալու համար: