Հոկտեմբերի14-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՀՀ էկոնամիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզում խաղող արտադրողների կողմից ընտրված խորհրդի անդամները:
Մարզպետ Գրիգորյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին այցելության և մարզում արտադրված խաղողի մթերումներին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար:
Նախարար Խաչատրյանը նշել է՝ եկել է, որպեսզի Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեն խաղողի մթերման գործընթացի կազմակերպման աշխատանքային կարգը՝ լսելով նաև հանդիպմանը մասնակից երկու կողմերի (խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների) առաջարկությունները և կարծիքները: Քննարկվել են խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր (պետական աջակցության ծրագրերի շրջանակում):
Մարզպետ Արարատ Գրիգորյանը կարևորել է խաղող արտադրողների և մթերողների կողմից փոխըմբռնումով մոտեցումը՝ երկրում այս պահին ստեղծված իրավիճակին (համավարակ և պատերազմական իրավիճակ) համապատասխան:
Որոշվել է խաղողի բերքի մթերման ընթացքում առաջնահերթություն տալ այն ընտանիքներին, որոնց անդամներն այս պահին գտնվում են պատերազմական գործողությունների առաջնագծում կամ որևէ կերպ առնչվում են մարտական գործողություններին:
Խաղող արտադրողների խորհրդի անդամների կողմից եղավ առաջարկություն՝ մթերված խաղողի դիմաց վճարված գումարի 5%-ի չափով յուրաքանչյուրի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին մուծում կատարելու վերաբերյալ: