Տիկին Կարինեի կարմիր լոբու հոտը առավոտից շենքով մեկ է ընկել, իրար գլխի հավաքել հեռու ու մոտիկ ապրող հարևաններին:
- Ասած մեր Ղարաբաղի լեզվով՝ լոբու շորվա ենք պատրաստելու:
Պատերազմի 18-րդ օրը, անկախ սահմանի լարված վիճակից, Ստեփանակերտում լսվող պայթյուններին զուգահեռ տիկին Կարինեն նաև տեղը տեղին բորշ է պատրաստել, բա հո չե՞ն ընկճվելու, արցախցին ընկճվի՞, ասում է:
- Հաղթանակը մերն ա լինելու, քանի որ մենք մեր հողի համար ենք պայքարում, մենք մեր տունը, հողը չենք լքի:
Հայրենիքը, տունն ու տեղը չլքած, իրենց հողին ամուր կանգնած արցախցի կանայք հենց այսպես՝ ապրելով են պայքարում թշնամու դեմ, ամուր թիկունք կանգնում որդիներին, ամուսիններին ու հայրերին՝ ամեն րոպե նրանցից զանգի սպասում:
- Թող գիշերը խաղաղ լինի, դա մեր բոլորի ցանկությունն ա:
- Հույսով-հավատով սպասում ենք հաղթանակի:
Լավ լուրի սպասումով Արցախում ամեն անկյունում այս պատկերն է՝ հույսը, հավատն ու աղոթքը առ Աստված ու բանակը, որ պատերազմը շուտ վերջանա, մեր տղերքն էլ հաղթանակած տուն դառնան:
Հարևան ապաստարանում ևս նույն պատկերն է՝ զանգերը չեն դադարում, սահմանից թիկունքին են գոտեպնդում, այստեղից՝ սահմանին ամուր կանգնածներին:
- Հաղթանակի ենք սպասում... Արցախի պատմության մեջ դեռ չի եղել, որ Արցախը կրվի, տենց չի՞, տենց ա:
Այս կանանց օրերը, երեխաների ու թոռնիկների կարոտը մինչև սրբազան պատերազմն արված լուսանկարներն են լցնում, ուժ տալիս.
- Հիմա Երևանում են, դասի են գնում արդեն:
Արցախի սրտում մի քանի ժամ է՝ պայթյունի ձայն չի լսվել: Հարևաններով արդեն դրսում են հավաքվել՝ ժպիտով, հույսով ու հավատով...