Արցախի պատերազմը լուսաբանող արտասահմանցի լրագրողներին նախագահ Սարգսյանն ասել է՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տալ, թե իրենք էթնիկ եղբայրներ են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) -Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար: Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի, նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը:
Խաղաղության հասնելու ճանապարհը կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունների վերսկսումը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի. Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել:
Արմեն Սարգսյան - ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա:
Բանակցային գործընթացին վերադառնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ամբողջ տարածաշրջանի համար:
Արմեն Սարգսյան - Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։
Եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, նախագահի խոսքով, Հայաստանy, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Երևանի մոտեցումն անփոփոխ է՝ խնդիրը ռազմական լուծում չունի: