Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերեվարվել է հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը, և այժմ նրանց ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020 թ. Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին՝ տեղեկացրել է իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։
Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել Ադրբեջանին․
1. գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թ. զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին.
2. մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը.
3. ապահովել պատշաճ բժշկական օգնություն։
Քիչ առաջ ծանուցվեցինք, որ դատարանը 12.10.2020 թ. գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:
Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները.
2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին.
3. տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։
Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020 թ.»,- ասված է իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ Արտակ Զեյնալյանի գրառման մեջ: