Անդրադառնալով ռազմաճակատում տիրող իրավիճակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղձրում հայտարարեց, թե հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն: «Ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը, որ նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հարցը շուտափույթ կարգավորելու տրամաբանությամբ:
«Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձևավորմանը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ»,- ասաց Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով»,- շեշտեց նա: