Դատելով վերջին հարցումներից՝ ընտրողների շրջանում ունեցած ժողովրդականությամբ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը շատ է առաջ անցել իր մրցակից Դոնալդ Թրամփից, և վերջինին գրեթե ժամանակ չի մնացել իրավիճակը շտկելու համար, գրում է The Independent-ը: Ինչպես ընդգծված է պարբերականի նյութի մեջ՝ նման վիճակագրությունը լավ նախանշան չէ հանրապետականների համար: Թրամփի ջախջախիչ պարտության դեպքում նրանք կարող են կորցնել մեծամասնությունը Սենատում:
Թերթը նշում է, որ անցած շաբաթը Թրամփի համար չափազանց անհաջող էր. նա հրաժարվեց մասնակցել հոկտեմբերի 15-ին նախատեսված բանավեճից, իսկ նրա գործընկեր Մայք Փենսը փոխնախագահի թեկնածուների բանավեճում չկարողացավ լրացուցիչ ձայներ հավաքել:
Բոլորը սպասում են ընտրություններից առաջ ևս մեկ հանդիպման՝ նախագահի թեկնածուների վերջին բանավեճին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ընդգծում է The Independent-ը: