Արցախի դեմ Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Արամ Առաջինի արձագանքն է՝ Արցախի միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա:
Արամ Առաջին (Մեծի տանն կիլիկիո կաթողիկոս) - «Ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը տեղիք տա մտածելու ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա»:
Արցախի դեմ ռազմական ագրեսիան ցույց է տալիս՝ Թուրքիան, իր պանթուրանական ու ծավալապաշտական քաղաքականությանը նոր շեշտադրում տալով, Միջին Արևելքից ու իսլամական աշխարհից սկսած մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցությունը տարածելու ջանքերին զուգահեռ, այժմ նույնը փորձում է անել Կովկասում` շահագործելով Ադրբեջանին:
Արամ Առաջին - «Հայոց բանակը հերոսությամբ շարունակում է պաշտպանել Արցախը, մեր իրավունքն ու արժանապատվությունը: Արյուն թափեցինք, ավերածություն ունեցանք, դժվարությունների դեմ հանդիման կանգնեցինք, սակայն շարունակում ենք պայքարել: Թուրքական աջակցությամբ ադրբեջանական հարձակումների դեմն առնելն ինքնին հաղթանակ է»:
Իր ուղերձում վեհափառն անհրաժեշտ է համարել ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական բանակցությունները, աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Արամ Առաջին - «Այլևս չենք կարող երկար սպասել, սա ի վնաս մեզ է` ամեն իմաստով: Գիտենք, որ նման քայլը կարող է նոր բարդություններ ստեղծել, սակայն այլ ճանապարհ չկա: Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները»:
Հայաստանի վարչապետին հղած ուղերձում Արամ Առաջինն անհրաժեշտ է համարել զինադադարի ամրապնդումից հետո Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերի ղեկավարների, հոգևոր առաջնորդների և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը՝ քննարկելու իրավիճակն ու հետագա զարգացումները: Կաթողիկոսն առաջարկել է ձևավորել փորձագիտական հանձնախումբ, որը վարչապետի գլխավորությամբ կկարողանա ծրագրել միջազգային ճանաչմանն առնչվող գործընթացը: