Ռազմաճակատի ամբողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Արդեն 17 օր է՝ թուրք-ադրբեջանական զորքերը կրակ են վարում ոչ միայն հրթիռային, այլ նաև հրետանային միջոցներից: Գիշերը ակտիվ հրետակոծություններ են եղել հիմնականում հարավում, հարավարևելյան, հյուսիսային ու հյուսիսարևելյան ճակատներում:
Կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները՝ հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Պաշտպանության բանակի զինծառայողները, կամավորներն ու պահեստազորայինները ծանր մարտեր են մղում, կասեցնում վարձկան ահաբեկիչների բոլոր գործողությունները:
Արցախի բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն: Վերջին տվյալով՝ հակառակորդը ռազմաճակատում կորցրել է ևս 3 անօդաչու թռչող սարք, 20 զրահատեխնիկա ու մեկ ՍՈՒ-25 գրոհիչ: Հարյուրներով ավելանում է նաև թշնամու զոհերի թիվը. միայն երեկ ռազմի դաշտում հակառակորդը թողել է 350 դիակ:
Պատերազմի առաջին օրից հակառակորդը կորցրել է՝ 176 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ համակարգ, տվել 5489 զոհ:
Բայց Արցախի սահմանին թուրք-ադրբեջանաահաբեկչական ղեկավարությունն այնքան էլ կորուստների ու վիրավորների ցավով չի ապրում: Իլհամ Ալիևը հրամայել է մարտի դաշտում առաջ գնալիս ու նահանջելիս չկենտրոնանալ փրկվելու հնարավորություն ունեցող մարդկային կորուստների վրա: Միջազգային լրատվամիջոցներն են հայտնում:
Արցախից Հայաստանի սահման իրավիճակը փոխվեց լուսադեմին: Հակառակորդը Քարվաճառի հետ սահմանակից գոտում կրակել է մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկայի վրա: Ենթադրելով, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստվում է հարվածել Ադրբեջանի բնակավայրերին։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց՝ ենթադրությունն անհիմն է:
Նախարարությունը վերահաստատում է՝ մինչև այս պահը Հայաստանի տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միաժամանակ հայտարարում է՝ այսուհետև Հայաստանի զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքի ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ: