Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին հայտարարություններին, շեշտեց՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում տեսնում ենք բավականին լուրջ գործընթացներ։
Ըստ Բաբայանի՝ այս պատերազմը ռազմաքաղաքական մարտահրավեր է։ Ու չնայած հումանիտար նպատակներով կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը:
«Ռազմական առումով տեսնում ենք, որ հակառակորդը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և մտադիր չէ որևէ ձևով դադարեցնել իր գործողությունները: Այս ամենը շատ լավ տեսնում են այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, որը մեծ ջանքեր է գործադրում պատերազմի դադարեցման ուղղությամբ»,- ասաց Բաբայանը։
Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց, որ սկզբում եղել են լոկ հայտարարություններ, կոչեր այնուհետև Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է կազմակերպվել Մոսկվայում և տևել ավեի քան 10 ժամ։
«Ռազմական առումով Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները, և մենք տեսանք այդ տրանսֆորմացիան։ Սկզբում Կրեմլին մոտ հասարակական գործիչներ սկսեցին խոսել, որ եթե չեք լսում Լավրովին, պետք է սկսեք լսել Շոյգուին․ այդպես էլ տեղի ունեցավ։ Արտգործնախարար Լավրովը հայտնեց մյուս օրը, որ արդեն նաև պաշտպանության նախարարությունն է զբաղվում հակամարտության կարգավորմամբ՝ որպես միջնորդ։ Այնուհետև Շոյգուն պաշտոնապես հայտարարեց, որ աշխատում է, որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները։ Հետո մենք տեսանք այլ քայլեր։ Տեսանք, որ Սիրիայում տեղակայված գրոհայինների ճամբարներ խոցվեցին, որոնք պետք է գային Արցախ։ Չեչնիայում տեղի ունեցող գործընթացը նույնպես մեսիջ է։ Մենք տեսանք, որ կարող է այս գործընթացն այլ փուլ մտնել»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ եթե այսքանից հետո շարունակվեն ռազմական գործողությունները, չի բացառվում՝ արդեն կոչով դիմի ՌԴ նախագահը, իսկ չարձագանքելու դեպքում չեն բացառվում ավելի կոշտ քայլերը: