Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից ի վեր Սփյուռքում աննախադեպ մոբիլիզացիա է տեղի ունեցել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա հայտնեց, որ այդ ժամանակահատվածում Հայաստան է տեղափոխվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրոպայի այլ երկրներից, Վրաստանից, այդ թվում՝ Ջավախքից, և այդ գործընթացը շարունակվում է: «Այս պահին ԱՄՆ-ից ևս 100 տոննա օգնություն ենք սպասում, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը, ուստի թռիչքը հետաձգվում է»,- ասաց Սինանյանը:
Ֆինանսական օգնությունը փոխանցվում է «Հայաստան» հիմնադրամի հաշվին: Այս պահին, ըստ նրա, փոխանցվել է մոտ 120 մլն դոլար:
Սինանյանը նշեց, որ Հայաստան են եկել բժիշկներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Եվրոպայից: «Մենք խրախուսում ենք այդ փաստը, նրանց կարիքը այստեղ կա»,- ընդգծեց նա:
Սփյուռքի գործերի հանձնակատարի խոսքով՝ թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերը տարբեր երկրներում քարոզչություն են իրականացնում, ինչին հակազդում են մեր հայրենակիցները:
Սինանյանը նաև հայտնեց, որ արդեն կան օրենսդրական նախաձեռնություններ՝ տարբեր երկրների տարբեր մակարդակի օրենսդիր մարմիններում՝ Արցախի ճանաչման և ագրեսիայի դատապարտման համար:
Ցույցեր՝ ամենուր՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ ԱՄՆ-ից մինչև եվրոպական տարբեր քաղաքներ: Դրանց նպատակը, ըստ Սինանյանի, Արցախի միջազգային ճանաչումն ու թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դատապարտումն է տարբեր երկրների կողմից: