Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, որը մեքենայով գնալիս է եղել դաշտ՝ հողագործական աշխատանքի:
Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ` տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Արցախի տեղեկատվական շտաբն էլ այս դեպքի վերաբերյալ հայտնել է. «Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին՝ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է»։