ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պետք է հասկանան, որ չեն կարող երկարատև վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ը չպետք է անգործություն ցուցաբերի այդ հարցում:
«Մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։ Պատմական եկեղեցին ու քաղաքները ռմբակոծությունների ու ավերածությունների են ենթարկվել: Չնայած այս ապօրինի պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի վրա է, Հայաստանը ոտքի վրա է: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ»,- ասել է Շիֆը: Ըստ նրա՝ պատերազմը միանգամից տեղի չի ունեցել, այլ արդյունք է Բաքվի կոռումպացված վարչակարգի քաղաքականության՝ բռնի էթնոնացիոնալիզմի:
«Սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը տպավորիչ ձախողում է կրել»,- նշել է Շիֆը՝ հավելելով, որ շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ հարձակվում է, իսկ Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց բնակչության կյանքն ու տները:
«Այդ վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հրետանային ու ռմբային հրետակոծությունները խաղաղ հայերի վրա: ԱՄՆ-ը պետք է Արցախի երիտասարդ ժողովրդավարության կողքին կանգնի, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Եվ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախի հետ կապված բանակցությունների գնալ, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը ճանաչի անկախ պետություն»,- եզրափակել է Շիֆը: