«Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղությամբ որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ ստեղծել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մարդուժի ու զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Բայց բոլորս պիտի իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Սա չեմ ասում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու իմ ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերն ու, մեր տվյալներով, ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը»,- իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր հարձակումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները ջանքեր են գործադրել և գործադրում հրադադարի հաստատման ուղղությամբ: Փաշինյանը հիշեցրեց՝ ընդունվել է համանախագահ 3 երկրների նախագահների հայտարարություն, Մոսկվայում ևս ընդունվել է հումանիտար նպատակներով կրակը դադարեցնելու մասին հայտարարություն, ինչի համար վարչապետը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ ՄԽ երկրներին:
Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներին իրենց գործադրած ջանքերի համար:
«Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անուններով կոչելու վճռականության և հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով պահպանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը: Եվ համոզված եմ այս դերակատարությունը կիրականացվի միանշանակ ու աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն»,- ասաց նա:
Ըստ վարչապետի, հայ ժողովուրդն այսօր համախմբված է քան երբևէ՝ ֆինանսական, տնտեսական, լրատվական ու այլ բնույթի աջակցություն տրամադրելով Հայրենիքին:
«Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այն պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրականացմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել:
Մենք կանգնելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Հայաստան, ազատ և երջանիկ Արցախ:
Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա՝ Արցախը, բանակը, զինվորը առաջնագիծը, ահա թե ինչ պետք է լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում թե հայրենիքում: Մենք պետք է մեր սուգը վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության: Մենք պիտի հաղթենք, պիտի ապրենք ու կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը»,- ասաց գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը: