Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը՝ «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը, և՛ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:
Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ պատմություն է և շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այն տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, մեծ վտանգ է ներկայացնում:
«Անթույլատրելի է այդ լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- ասել է Մատվիենկոն: