ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ հատուկ տեսաուղերձով:
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: ՊԲ-ն շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում Մայր Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Հատուկ ուզում եմ ընդգծել Հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների, ինչպես նաև մեր ժամկետային հերոս տղաների մասնակցությունը:
Մենք տեսնում ենք նաև ՌԴ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում վերսկսել բանակցությունները: Բայց ի՞նչ է տեղի ունեցել. հակառակորդը, հակառակը, օգտվելով առիթից, հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ, հատկապես հարավային ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ:
Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու: Չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ: Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե Արցախյան խնդրի լուծման, այլ բնաջնջելու տարբերակը, առաջին հերթին՝ արցախահայությանը, հետո, եթե հաջողվի, նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք:
Ավելի ծանր ժամանակներ ենք ունեցել 1992-1994 թթ., երբ ծանր մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և այլն: Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակի: Այսօր էլ հավատում ենք: Հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին:
Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների: Օրհասական պահն է այսօր, Հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ անպատիվ կյանքով ապրելու իրավունքից հրաժարվելու փոխարեն: Պետք է շարունակենք պատվով ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»,- ասել է ԱՀ նախագահը: