1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի դեպքերի քրոնիկոնը:
Այսօր տեղի է ունեցել ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկը․ Հովհաննիսյան
«Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զինտեխնիկայի կիրառմամբ։ Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել։ Այսօր երևի թե տեղի է ունեցել ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկը։ Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ:
Ստեփանակերտում կա մոտ 670 չպայթած զենք-զինամթերք
Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱՀ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը նշել է․«Ստեփանակերտում ունենք հայտնաբերված զենք-զինամթերք գրեթե բոլոր փողոցներում, բայց այս պահի դրությամբ կարելի է ասել, որ 90 տոկոսով դրանք անվտանգ են»։
Արցախում վնասվել են մոտ 6 հազար բնակելի, մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ. ԱՀ ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը նշել է, որ այս պահի դրությամբ Հանրապետությունում 25 մահացած ու 100-ից ավելի վիրավոր քաղաքացիական անձ կա, վնասվել են 5800-ից ավելի բնակելի, մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ։
Հրապարակվել է Ադրբեջանի զոհերի ցուցակի 5-րդ մասը
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը։ «Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը. Պողոսյան
«Վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները»,- տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդայեին հաստատել է այն տեղեկությունը, որ Իսլամական Հանրապետության տարածքում ԱԹՍ է ընկել: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ. ԱՀ ԱԻ պետական ծառայություն
Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Զոհեր ու վիրավորներ չկան՝ տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները: Այս տվյալները հրապարակելուց հետո ԱՀ ՊԲ-ից հայտնել են, որ զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ
Հակառակորդի կորուստները․ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոն
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել են ևս 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Հակառակորդը կրկին անցել է հարձակողական գործողությունների. ՊՆ ներկայացուցիչ
Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջնագծում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ․ ԱՀ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ՝
հաղորդում են Արցախի ՊԲ-ից։ Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում: