Անցյալ ուրբաթ և շաբաթ եռակողմ հանդիպման արդյունքում նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, որոնք, սակայն, ինչպես տեսնում ենք, դեռ ամբողջությամբ չեն պահպանվել, և մարտական գործողությունները շարունակվում են՝ երկկողմ հանդիպմանը հայտարարեց Սերգեյ Լավրովը: Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը: Փակ դռների հետևում մոտ երեք ժամ տևած տետատետ, ապա ընդլայնված կազմով քննարկումներից հետո նախարարները հանդես եկան հայտարարությամբ, այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները երկու կողմն էլ անշեղորեն կկատարի, կարծիքներ ենք փոխանակել՝ ինչպես առաջ ընթանալ, բայց սա չի նշանակում, որ բոլոր հարցերն արագ և միաժամանակ կլուծվեն: Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը սխալ ենք համարում:
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդությունն Արցախի հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման հարցում, հատկապես՝ օրեր առաջ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին արված հայտարարության վերաբերյալ,- նշեց Մնացականյանը: Նա ընդգծեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները տարբեր ձևաչափերում:
Զոհրաբ Մնացականյան (ՀՀ ԱԳ նախարար) - Սեպտեմբերի 27-ից, և պետք է նշեմ, որ դա շարունակվում է մինչ օրս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայնածավալ ագրեսիա է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ընդ որում, բացահայտորեն ցուցադրում է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման և Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման իր իրական նպատակները։ Ադրբեջանի նման ցեղասպան գործելաոճը չի տարբերակում զինվորականների և խաղաղ բնակիչների միջև եղած տարբերությունը։ Ասեմ ավելին, այն գերադասում է առաջին հերթին քաղաքացիական բնակչության պարտությունը։ Ռազմական ագրեսիայի իրականացման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գրոհել են Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, ներառյալ՝ խիտ բնակեցված քաղաքները, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն:
Նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու համար անհրաժեշտ համարեց շփման գծում կայուն հրադադարի հաստատումը: Թուրքիայի ակտիվ դերակատարումը Ղարաբաղում ռազմական գործողությունների անցկացման գործում գրոհայինների ակտիվ ներգրավումն ու Բաքվին աջակցելն է,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյան - Դիմելով թուրքամետ զինված ահաբեկիչների օգնությանը՝ Ադրբեջանն ինքն է դարձել հարթակ Թուրքիայի ազդեցության ընդլայնման և մեր տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախի համար։ Այսօր մենք պետք է դադարեցնենք մարտական գործողությունները։ Ռուսաստանի դերն այս գործում չափազանց կարևոր է։ Ցավոք, այս պահին մենք չենք կարող արձանագրել, որ հասել ենք զինադադարի էական մակարդակի։ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները։
Մնացականյանը շեշտեց ստուգման մեխանիզմների կարևորությունը, որոնք թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանն ու պահպանմանը: Ըստ նրա՝ միայն հրադադարի լիակատար հաստատումից հետո հնարավոր կլինի առաջ շարժվել բոլոր հարցերում:
Զոհրաբ Մնացականյան - Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները երաշխավորելու, տարածաշրջանն ահաբեկչությունից և նրանց հովանավորներից, ինչպես նաև բացասական ազդեցություններից մաքրելու համար:
Լավրովը հույս հայտնեց, որ Մոսկվայում գիշերային երկարատև բանակցություններն իզուր չեն լինի, և ամենամոտ ժամանակում հրադադար կհաստատվի:
Սերգեյ Լավրով - Անհրաժեշտ է դադարեցնել կրակը և ապահովել հաստատման մեխանիզմներ, գերիների և զոհերի աճյունների փոխանակում իրականացնել, վերսկսել քաղաքական գործընթացները։ Ահա Հայաստանի հետ մեր դիրքորոշումը:
Հաստատման մեխանիզմների մասին Մնացականյանը հավելեց, որ դրանք պետք է բավական երկար ժամանակ առաջ արդեն ներդրված լինեին, սակայն Ադրբեջանն է եղել այդ մեխանիզմներից հրաժարվողը:
Զոհրաբ Մնացականյան - Այսօր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման և հաստատման մեխանիզմների ապահովումն է: Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք ապահովել մեր հայտարարության առաջին կետը: Այսօր խորհրդակցություններ են ընթանում, որպեսզի գտնենք մեխանիզմ, երբ կկարողանանք հասնել ամուր հրադադարի, որպեսզի աշխատենք հումանիտար հարցերի ուղղությամբ: Եթե մենք չկարողանանք երկարաձգել հրադադարը, ապա այն չափազանց վատ կանդրադառնա մնացած այլ հարցերի վրա:
Սերգեյ Լավրով - Ես վերահաստատում եմ, որ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության հարցը, ստուգման մեխանիզմի թեման բանակցությունների առանցքային հարցերն են։ Աշխատանքն ընթանում է, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրան, համանախագահները՝ նույնպես:
Ռուսաստանն ակտիվ կզբաղվի հարցով թե՛ որպես Մինսկի համանախագահող երկիր, թե՛ որպես դաշնակից պետություն: Լավրովը հաստատեց, որ ղարաբաղյան հարցում միջնորդներ են միայն Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ալիևը ցանկանո՞ւմ է ընդլայնել Թուրքիայի դերը հակամարտության մեջ։
Սերգեյ Լավրով - Վերջին օրերին այն հայտարարությունները, որոնք հնչել են տարբեր մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին: Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը և Ալիևն աջակցել են հրադադարի ռեժիմի մասին մոսկովյան փաստաթղթին, որում նշված է, որ բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց՝ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն գործեն արդեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ էլ աշխատում են: Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ շփումները երկու կողմերի հետ էլ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների մակարդակում, թույլ կտան ապահովել եռակողմ ձևաչափով համաձայնեցված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը: