Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին:
Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,- ասել է նա: - Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»:
Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում:
Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներ են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար:
«Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար,- ընդգծել է նախագահը: - Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ՝ էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,- ասել է նախագահը: - ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյոք ՆԱՏՕ-ն թո՞ւյլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար:
Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին:
«Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,- նշել է նախագահը՝ անդրադառնալով մյուս տարբերությանը: - Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը:
Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»:
Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը.
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»:
Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը: