Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում՝ РТ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հավելում՝ այս փաստը արձանագրել են նաև միջազգային դիտորդները:
Արդյոք հայկական կողմը խախտո՞ւմ է հրադադարը լրագրողի հարցին Սարգսյանը պատասխանում է՝ եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ո՛վ է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան, և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի բացարձակ անհրաժեշտություն է հրադադարի խախտումները մշտադիտարկելը, որ այն աշխատի:
Նախագահը հերքում է հակառակորդի տարածած լուրերը, թե հոկտեմբերի 10-ից հետո հայկական կողմը հրետակոծել է Գյանջան: Ի՞նչն է այսօրվա պայմաններում ավելի կարևոր հայկական կողմի համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները: Հարցին ի պատասխան Սարգսյանն անձնական տեսակետն է հնչեցնում՝ մարդկային կյանքը բացարձակ արժեք է:
Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը, կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է:
Ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը. Սարգսյանի պատասխանը հստակ է՝ դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այլ լուծում չի տեսնում, քան այն, որ հայերն ազատորեն բնակվեն իրենց հայրենիքում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին. արդյոք այդ երկիրը բավարար քայլեր կատարե՞լ է որպես դաշնակից՝ Արմեն Սարգսյանը հիշեցնում է ՌԴ նախագահի վերջին հավաստիացումները.
Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի:
Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի՞ են սերտացել այս վերջին բռնկումից հետո. հարցին հանրապետության նախագահը ընդգծում է՝ մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով: