Դեռ ամիսներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջ աշխարհին կոչ արեց մոռանալ բոլոր հակամարտություններն ու թշնամանքը՝ քովիդի դեմ պայքարին չխանգարելու համար: Ադրբեջանական ագրեսիան նաև սրանով է տարբերվում է բոլոր տեսակի ագրեսիաներից՝ ասում է Արսեն Թորոսյանը: Երբ ողջ աշխարհը պայքարում է մեկ ընդհանուր թշնամու դեմ, որի տված վնասներն օրեցօր ավելանում են, Ադրբեջանը սանձազերծում է ռազմական գործողություններ:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Նրանք չանսալով մեր գործընկերների կոչերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, մինչև համամարդկային այս պրոբլեմի լուծումը, հետո նոր անդրադառնալ նեղ անձնական կամ ներերկրային պրոբլեմին, սանձազերծեցին այս ագրեսիան:
Հայաստանի առողջապահության համակարգը դեռ կարողանում է այդ բեռը կրել, բայց ոլորտն այս պահին ստիպված է աշխատել երեք ուղղությամբ. այն հիվանդները, որոնք միշտ եղել են ու կան, պատերազմում վիրավորվածներն ու կորոնավիրուսով վարակվածները: Երեկ կատարված 2114 թեստավորումից դրական է 745-ի արդյունքը, մահացել է 6 մարդ: Մահացածները եղել են 73, 61, 65, 81, 58 և 61 տարեկան։
Արսեն Թորոսյան - Այս պահին քովիդի ուղղությամբ ծավալված մի շարք հիվանդանոցներ շարունակում են ծանրաբեռնված աշխատել, և այդ ճակատում էլ գործերը լավ չեն՝ կորուստների, զոհերի և ծանրաբեռնվածության առումով:
Համաճարակային ներկայիս ցուցանիշները համապատասխանում են հունիսի վերջի - հուլիսի սկզբի տվյալներին: Նախարարը հիշեցնում է. յուրաքանչյուրս այս պահին առավել ևս պետք է համաճարակային կանոնների պահպանմանը մոտենանք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի քովիդով վարակման դեպքերով կրկնակի չծանրաբեռնենք առանց այն էլ ծանրաբեռնված համակարգը: Այս պարագայում դիմակ կրելով, հիգիենայի կանոնները պահելով փրկելու ենք ոչ միայն մեր ու մեր շրջապատի կյանքը, այլ նաև ռազմաճակատից հիվանդանոց հասած վիրավոր զինծառայողին:
Արսեն Թորոսյան - Մենք դեռ չունենք որևէ սարքի պակաս, բայց եթե նույն սարքավորումը օգտագործվում է քովիդով պացիենտի համար՝ թոքերի օդափոխության և ռենտգեն ապարատը, նույն սարքը օգտագործվում է վիրավոր զինծառայողների համար, և մենք դրանք պետք է հնարավորինս ազատ պահենք, որպեսզի մեր երիտասարդ և կյանքով լեցուն զինծառայողին հնարավորություն ունենանք մաքսիմալ լավ բուժծառայություն տրամադրել:
Բժշկական հաստատություններ տեղափոխված վիրավոր զինծառայողների մահված ցուցանիշը շատ ցածր է՝ վստահեցնում է նախարարը: Չծանրաբեռնենք բժիշկներին, որպեսզի շարունակեն ոտքի կանգնեցնել պատերազմի դաշտում վիրավորված տղաներին: