Արցախա-ադրբեջանական հակամարտության օբյեկտիվ լուսաբանումն ապահովելու պահանջով Նիդեռլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջատար NOS մեդիա խմբի շենքի առջև:
Նիդեռլանդների Հիլֆերսում (Hilversum) քաղաքում է գործում լրատվական NOS մեդիա խումբը, որն առաջատար հեռարձակող է, ունի 700-ից ավելի աշխատակից և ապահովում է հանրային ու մյուս ալիքների NPO 1, 2, 3, NPO Politiek ,NPO News լրատվությունը, նաև լուրեր է տրամադրում NPO Radio 1, NPO Radio 2, NPO 3FM, NPO Radio 4, NPO Radio 5, NPO Radio 2 NPO Soul & Jazz ռադիոկայաններին, մամուլին: Պետք է ասել, որ Նիդեռլանդների իշխանությունները Եվրոպայում երևի թե ամենախստագույնն են հետևում կորոնավիրուսի կանոններին, ու այդ պատճառով Հիլֆերսումի քաղաքապետարանը միայն փոքրիկ խմբի արտոնություն տվեց NOS մեդիա գրուպի շենքի դիմաց մասնակցելու և այս մեդիա խմբի ուշադրությունը հրավիրելու արցախա-ադրբեջանական հակամարտության օբյեկտիվ լուսաբանման հարցին:
Հայության պահանջն է.
1. Հրավիրում ենք հոլանդական հայտնի լրատվամիջոցների, մասնավորապես՝ «ՆՕՍ» լրատվականի գլխավոր խմբագրի՝ Վիլմա Հաանի ուշադրությունը։ Խնդրում ենք, որ նա պարտավորվի շտկել եւ օբյեկտիվ լրագրություն ապահովել Արցախում տեղի ունեցող սարսափելի իրավիճակի վերաբերյալ:
2. Խնդրում ենք NOS-ին արդյունավետ գործել ներկա իրավիճակում
3. Մենք հորդորում ենք կազմակերպել ազնիվ բանավեճեր ուղիղ եթերում շահագրգիռ կողմերի հետ։ Օրինակ՝ Նիդերլանդներում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ:
4. Վերջապես խնդրում ենք NOS-ին՝ անկախ լրագրողներին ուղարկել առաջնագիծ՝ և՛ Արցախ, և՛ Ադրբեջան՝ օբյեկտիվ լուսաբանումն ապահովելու համար:
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստ է աջակցել միջազգային լրագրողների հավատարմագրման գործընթացին։