«Վերջին 14 օրում կորոնավիրուսային հիվանդացության աճը հասնում է գրեթե 113 տոկոսի: Պատճառները բոլորիս պարզ են. ելնելով ռազմական դրությունից՝ մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որը փորձում է թուլացնել մեր թիկունքը: Բոլորին պարզ է, որ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով է այս ցուցանիշը»,- հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ աշխարհում ապացուցված երեք կանոն կա՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելն ու ձեռքերը պարբերաբար ախտահանելը:
«Կա երեք կանոն, որոնք պահպանելու ընթացքում մենք կարող ենք ուղղակիորեն կանխարգելել կորոնավիրուսի տարածումը»,- ասաց Աբովյանը՝ կոչ անելով պահպանել այդ կանոնները և թույլ չտալ, որ կորոնավիրուսը թափանցի նաև զինված ուժեր: